Ֆրանսիայի առաջնության վերջին տուրի «Պարի Սեն Ժերմեն»-«Լիոն» հանդիպման ժամանակ, կապված տասնմեկմետրանոցն իրացնելու հետ, վեճ է տեղի ունեցել Նեյմարի ու Էդինսոն Կավանիի միջև: Տուգանայինը ի վերջո, իրացրել է թիմի հաստիքային իրացնողը՝ Կավանին, ու վրիպել, սակայն լարվածությունը շարունակվել է նաև հանդերձարանում ու միայն թիմի մյուս անդամների միջամտությունը բանը չի հասցրել ծեծկռտուքի:
Իհարկե, Կավանիի վրիպելը փայլուն շանս է Նեյմարի համար, սակայն ակնհայտ է, որ փարիզյան ակումբում բրազիլական թևը փորձում է, այսպես ասած, «վերխ վերցնել» մյուսների նկատմամբ, հաստատել իր ուժի գերակայությունը: Ի միջի այլոց, լուրեր են պտտվում, որ այն ակումբի ղեկավարության առջև խնդիր է բարձրացրել ձմեռային տրանսֆերային պատուհանում վաճառքի հանել ուրուգվայցուն:
Այս տասնմեկմետրանոցից հետո լրագրողները ձեռքից բաց չեն թողել շանսն ու ակումբի մյուս նորեկին՝ Կիլիամ Մբապեին հարցրել են, թե չի՞ ցանկանում դառնալ թիմի հաստիքային տասնմեկմետրանոցներն իրացնողը, ինչին ի պատասխան տասնութամյա ֆուտբոլիստն արձագանքել է. «Կավանին չիրացրեց տասնմեկմետրանոցը: Գնդակը երբեմն հայտնվում է դարպասում, երբեմն՝ ոչ: Դրանից հետո նա կատաղած էր: Նա հրաշալի ֆուտբոլիստ է և ապագայում դեռ շատ գոլեր կխփի։ ՈՒզու՞մ եմ ես իրացնել տասնմեկմետրանոցները: Դրանցից միայն պրոբլեմներ են առաջանում»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ